«Զանգակ» հրատարակչությունը, Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությամբ, լույս է ընծայել շվեյցարացի ժամանակակից գրող և լրագրող ՀԱՆՍՅՈՐԳ ՇԵՐԹԵՆԼԱՅԲԻ «Գիշերային լողորդը» վեպը: Գրքի ընտրությունը Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերինն է: Դեսպանը, առհասարակ, շատ է հավանում, Շերթենլայբի ստեղծագործությունները, բայց ընտրել է այս գիրքը, որովհետև թիրախային լսարանը երիտասարդությունն է, գրքում արծարծվող թեման ուղղված է երիտասարդներին:
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի տեղեկացմամբ` գրողի գրքերը թարգմանվել են 16 լեզվով, այս գիրքը, սակայն, առաջինը հայերեն է թարգմանվել:
«Գիշերային լողորդը» վեպի շնորհանդեսը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը: Գրքի շնորհանդեսին ներկա էր հեղինակը, որն այս օրերին Հայաստանում է, մասնակցում է «Գերմաներենի շաբաթ- 2017» խորագրով միջոցառումներին:
«Առանց գրքերի աշխարհը դատարկ կլինի»,- ասում է Հանսյորգ Շերթենլայբը: Նա գրող լինելուց զատ` նաև լավ ընթերցող է: Դժգոհում է ընթերցողների պակասից, ասում է` «Շվեյցարիայում, երբ իմանում են` գրող ես, առաջինը հարցնում են` կարողանու՞մ ես գրելով գումար վաստակել, ոչ ոք չի հարցնում` ինչի՞ մասին ես գրում, ինչու՞ ես գրում, ո՞րն է գրածդ վերջին ստեղծագործությունը»: «Զանգակ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանն ասաց, որ վեպն ընթերցելիս իրեն հանգիստ չէր տալիս գայթակղությունը` համեմատել Հանսյորգ Շերթենլայբի հերոսներին Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հերոսների հետ: Հետաքրքրվեց` գրողի համար ներշնչման աղբյուր եղե՞լ է արդյոք այս վեպը:
Շերթենլայբն ասաց, որ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպն իր սիրելի ստեղծագործություններից է, ամեն տարի վերընթերցում է, ազդեցությունը մեծ է. «Դեռահասների մասին գրած ցանկացած վեպ համեմատում են կամ զուգորդում Սելինջերի հայտնի ստեղծագործության հետ: ՈՒ յուրաքանչյուր գրողի մեջ նույն զգացողությունն է, որ չի կարող գերազանցել նրան, բայց չեմ կարծում, թե դա առիթ է այդ թեմայով չգրելու»:
«Զանգակի» թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը նկատեց, որ գրքի դրվագներից մեկում, երբ հերոսը երկար ժամանակ անցկացնում է սիրած աղջկա հետ ու ցանկանում է միայնակ մնալ, բացահայտվում է «Գիշերային լողորդը» արտահայտությունը: Հետաքրքրվեց` ինչու՞ են այդ դրվագին հաջորդում գիշերային լողորդի մասին նրա մտքերը:
«Ամենատխուր և ամենամիայնակ պահերին են ծնվում ամենակարևոր մտքերը: Հերոսի մոտ նույնպես այդպես է. երբ չափազանց միայնակ էր ու ներքին անհամաձայնություն էր զգում, վերհիշեց իր եղբորը ու նրա ասածը, որ ուզում է դառնալ գիշերային լողորդ, երբ հարցրել է` ինչու՞ գիշերային, պատասխանել է` որ երբ գիշերը լողամ, չերևա` լիճը մե՞ծ է, թե՞ փոքր, ու անծայրածիր թվա»,- եղավ պատախանը:
Շերթենլայբը գրում է ամենատարբեր թեմաներով, ասաց, որ երբ կնոջ հետ Երևանի քարտեզն են նայել, մտքում դրվագներ են առկայծել, հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանի, հայ իրականության հետ կապված ինչ-որ պատմություն կգրի: Նպատակ ունի նաև ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանն ու գրականությանը:
Վեպը հայերեն է թարգմանել Լիանա Սաֆարյանը: Խոսելով իր տպավորությունների մասին` նա ասաց, որ մեծ հաճույքով է կատարել թարգմանությունը, հնարավորություն է ունեցել ծանոթանալու ուրիշ մշակույթի, ուրիշ գրականության. «Գիրքը նաև մտորելու, հետահայաց նայելու տեղիք է տալիս: Փորձում ես հիշել` ի՞նչն է քեզ անհանգստացրել այդ տարիքում, արդյո՞ք այդքան խիզախ էիր, երբեմն էլ մտածում ես` ինչ լավ է, որ ես այդ խնդիրները չեմ ունեցել: Այսպիսի մի նախադասություն կա գրքում` պետք է անել այն, ինչ չեն հասկանում ծնողները: Այսինքն`ինչ-որ տեղ պետք է հեռանաս ծնողներից, որ կարողանաս ինքդ քեզ գտնել ու հաղթահարել դժվարությունները»: Խոսելով գեղարվեստական առանձնահատկության մասին` թարգմանիչն ասաց, որ գիրքը հետաքրքիր է նաև ոճային առումով. «Արխայիկ ոչինչ չկա, այսօր ապրող կերպարների լեզուն է`ժամանակակից արտահայտություններով: Երաժշտություն կա նաև: Երաժշտությունը կարող է օգնել գրավելու կնոջը, օգնել` բուժվելու, ուշքի գալու, դա է ուզում ասել կարծես»:
Հանսյորգ Շերթենլայբը ծվել է 1957-ին` Ցյուրիխում։ Երկար տարիներ եղել է Շվեյցարիայի գրողների միության խորհրդի անդամ, հեղինակել է վեպեր, ռադիոպիեսներ, թատերախաղեր, բանաստեղծություններ, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Հայտնի գործերի թվին են պատկանում «Սինյորայի սենյակը», «Անանունները», «Թղթե թագավորը», «Անձրևի նվագախումբը», «Գիշերային լողորդը», «Ապակե անտառը», «Յավակա»։ Շերթենլայբը պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, այդ թվում՝ Կրանիխշթայներ, Գերմանական գրական հիմնադրամի և Շիլլերի անվան հիմնադրամի գրական մրցանակներով։
Լուսանկարները`«Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջից: